Հայաստանում գիտության հետագա զարգացման մոդելի ընտրությունը քաղաքական որոշում է եղել, կարծում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանը։
«Այսինքն կոնցեպտուալ ընտրությունը, թե մենք որ գիտակրթական տարածքին ենք փորձում հարել, սա քաղաքական ընտրություն է։ Լավ ու վատ կողմեր բոլոր համակարգերն էլ ունեն։ Այլ բան, որ եթե մենք արդեն արել ենք մեր ընտրությունը, պիտի հասկանանք՝ որոնք են դրանից բխող բոլոր հետևանքները»,- նշում է նա։
Գևորգ Քառյանի հետ զրուցել ենք գիտության ընթացիկ բարեփոխումների, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի, Ակադեմիական քաղաքի, ու այս ամենում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տեղի ու դերի մասին։
Պե՞տք է արդյոք գնալ արմատական քայլերի և կտրուկ փոխել գործող մոդելը
Ըստ Գևորգ Քառյանի՝ սովետական շրջանում հայաստանյան գիտությունը մեծ համակարգի մի մաս էր և գործում էր այդ տրամաբանությամբ։ Գիտությունը կենտրոնացած էր ակադեմիական համակարգում, կային նաև ճյուղային գիտահետազոտական ինստիտուտներ։ Բուհերը զուտ կրթական խնդիր էին լուծում, գիտական բաղադրիչը փոքր էր։ Պատվերները մշակվում էին կենտրոնում և իջեցվում ստորաբաժանումներին ամբողջ երկրով մեկ։
«Ժառանգելով այս սովետական գիտական և կրթական համակարգը՝ Հայաստանը փորձել է այն պահել, այն դեպքում, երբ որ սովետական համակարգն ունեցել է այդ համակարգի առաջ դրած կոնկրետ խնդիրներ, և՛ գիտական, և՛ կրթական: Երբ որ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, դադարեցին գոյություն ունենալ նաև այդ խնդիրները։ Արդյունքում մենք իներցիայով շարունակել ենք շարժվել, բայց իներցիան վաղ թե ուշ դադարում է։ Թվում է, թե իներցիան այս պահին փորձում է մեզ հնարավոր խնդիրներից հեռու պահել, բայց այն շատ ավելի մեծ խնդրի կարող է տանել, ընդ որում՝ անդառնալի։ Ցանկացած փոփոխության ժամանակ կան ռիսկեր, այդ ռիսկերը պետք է լավ կառավարել, բայց ասել, որ իներցիան ավելի պակաս ռիսկ է, քան փոփոխության ռիսկը, ես այդ կարծիքը չունեմ»,- ասաց նա։
Ըստ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի՝ պետք է հասկանալ․ հիմա ո՞րն է այն ուժը, որը կնախանշի մեր համակարգի ուղղությունը։ «Պիտի նայենք՝ աշխարհում այսօր որո՞նք են խոշոր գիտական տարածքները։ Հայաստանը չի կարող իր մեկուսի, առանձնացված գիտակրթական տարածքն ունենալ, որպես փոքր երկիր այն պետք է հարի այս կամ այն գիտակրթական տարածքին»,- նշեց Քառյանը։
Ըստ նրա, այսօր այդ գիտական տարածքներն են Եվրոպան, ԱՄՆ-ն։ Չինաստանն ակտիվորեն ձևավորում է իր տարածքը, Ռուսաստանն էլ դեռ իր մոդելի փնտրտուքի մեջ է։
«Մենք պետք է հասկանանք՝ գիտակրթական ո՞ր խոշոր համակարգին ինտեգրվելու հնարավորությունները կլինեն ամենամեծը, որի՞ց մենք ավելի շատ շահ կունենանք, և ըստ այդմ կողմնորոշվենք ու փորձենք տեղայնացնել»,- ասաց նա, հավելելով, որ այսօր էլ շատ հայ գիտնականներ ակտիվորեն ներգրավված են եվրոպական դրամաշնորհային ծրագրերում, և այդ տարածքին ինտեգրվելը մեզ համար ամենահեշտը կլինի։ «Մեր հետազոտությունների և դրանց ֆինանսավորումների զգալի մասը ինտեգրված է եվրոպական տարածքին, եթե մենք նայենք, թե մեր գիտնականները որտեղ են այցեր անում, որտեղ են գիտաժողովների մասնակցում, որ գրանտային ծրագրերին են դիմում»,- ասաց նա։
Այդ դեպքում ինչո՞ւ է նոր օրենքի հիմքում հետազոտական համալսարանների ամերիկյան մոդելը
«Ես դա հասկացել եմ հետևյալ ձևով, որ կրթությունը Հայաստանում շատ ավելի արագ է դեգրադացվել, քան՝ գիտությունը։ Եվ իմ բացատրությունն է, որ մենք ուզում ենք կրթականը լավացնել։ Ինչո՞ւ է դեգրադացվել, որովհետև ներփակ է եղել ինքն իր մեջ։ Հիմա մեր գիտական ներուժը մնացել է աշխարհում մրցունակ, բայց ցավոք սրտի շատ-շատ հետ են մեր բուհերը, այս մեծ անջրպետը կա։ Եթե անընդհատ ներքև գնացող սլաք է կամ կոր, պարզ է, որ ամեն ինչ այդպես ցիկլիկ կշարունակվի և կգա մի կետի՝ անդառնալիության կետի»,- նշեց նա։
Ըստ Քառյանի, պետք է գնալ արմատներին, ու տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնց հասցեագրելու փորձ է անում նոր օրինագիծը։ Նախ, կրթական համակարգից ինստիտուտների առանձնացվածությունը բերել է նրան, որ ակտիվ գիտնականներն այսօր հնարավորություն չունեն կրթական պրոցեսում լայնորեն ներգրավվելու, ակտիվ գիտությունը բուհեր գնում է մնացորդային սկզբունքով։ «Բուհական համակարգն իր ինքնաբավությունն է ձևավորել դասապրոցեսը կազմակերպելու առումով և ունի իր պրոֆեսորա-դասախոսական կազմը, որը այդ ժամաքանակները համապատասխան ձևով բաշխում է։ Եվ սա խնդիր է, այս մասին բոլորն են խոսում, և կարծեմ սրա դեմ ոչ ոք չի էլ առարկում առանձնապես»,- նշեց նա, հավելելով, որ բուհերից դուրս գիտնականները նաև իրավունք չունեն կրթական ծրագրեր առաջարկելու, դրա հնարավորությունն ունի միայն բուհը, իսկ ահա նոր օրինագծով, երբ ինստիտուտները կդառնան հանրային գիտական կազմակերպություններ բուհերի կազմում, այդ կազմակերպության գիտնականները կկարողանան ժամանակակից կրթական ծրագրեր առաջարկել բուհերին։
Գիտնականի խոսքով՝ օրենքի իմպլեմենտացիան կլինի փուլերով։ Նախ, Հայաստանում արդեն գործում է ատեստավորման նոր կարգը, և հենց այդ ատեստավորումն անցած գիտնականներն էլ կներգրավվեն կրթական պրոցեսում։ Հարցին, թե ինչու հանարավոր չէ ուղղակի անցկացնել գիտնականների ու պրոֆեսորա-դասախոսական կազմի ատեստավորում, և ըստ այդմ ամենաակտիվ ու արդյունավետ գիտնականներին թույլ տալ դասավանդել, ինչո՞ւ է դրա համար անհրաժեշտ ինստիտուտները տանել համալսարանների կազմ, գիտնականը պատասխանեց, որ բացի դասախոսների որակից կարևոր է նաև գիտական միջավայրը, լաբորատորիաների հագեցվածությունը, որը ներկա վիճակում բուհերը չեն կարող ապահովել։
«Մեր բուհերը մեծամասամբ լսարանային են։ Իսկ եթե մեր կոնցեպտը հետազոտական համալսարանն է, այն չի կարող լինել լսարանային։ Օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կամ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանում բոլորովին այլ պատկեր է․ լսարաններից բացի կան մեծ, բացազատված տարածքներ, լաբորատորիաներ, որտեղ կարելի է գիտական փորձեր անել, կարելի է նույնիսկ գիտական հոդվածի նյութ ստանալ այդ փորձի արդյունքում»,- ասաց նա, նշելով որ կրթության կազմակերպումը օր-օրի փոխվում է՝ դուրս գալով լսարանային ու գրադարանային տրամաբանությունից։ Ու կրթության ու գիտության զարգացման համար այն պայմանները, որոնք աշխարհում արդեն տրիվիալ են թվում, մեզ մոտ դեռ պետք է ներդրվեն, պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, տարածքներ՝ մեծ գիտափորձեր անելու համար։
Ազգային լաբորատորիաներ օրինագծով նախատեսված չեն
Ինչպես նշեց Գևորգ Քառյանը, երբ 2011 թվականին Ֆիզիկայի ինստիտուտը դարձավ հիմնադրամ և անվանափոխվեց որպես Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, հիմքում հենց ամերիկյան մոդելով ազգային լաբորատորիա ստեղծելու գաղափարն էր։ Սակայն այդ գաղափարը հետագա զարգացում չստացավ, ու օրենքի նոր նախագծով նման կազմակերպա-իրավական ձև ևս նախատեսված չէ։ Ըստ օրենքի՝ կլինեն հանրային գիտական կազմակերպություններ խոշորացված բուհերի կազմում և առանձին հիմնադրամներ։
ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայում ազգային լաբորատորիաներն ու համալսարաններից դուրս ինստիտուտները կոչված են լուծելու երկրների համար ռազմավարական և անվտանգային խնդիրներ, որոնցից շատերը գաղտնիություն են պահանջում։ Ինչպե՞ս է Հայաստանում լուծվելու այդ հարցը, եթե գիտական կառույցների նման կազմակերպա-իրավական ձև օրենքով նախատեսված չէ։ Այս հարցին ի պատասխան լաբորատորիայի տնօրենը նշեց, որ ԱՄՆ-ում գաղտնիության գրիֆով հետազոտություններ իրականացվում են նաև հետազոտական համալսարաններում, և ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես կազմակերպել այդ գաղտնիության մասը։ Ըստ նրա՝ ակադեմիական քաղաքն ունենալու է զարգացած գիտական ենթակառուցվածքներ, լաբորատորիաներ, և այդտեղ հնարավոր կլինի կազմակերպել բոլոր տիպի հետազոտությունները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող։
Ակադեմիական քաղաքն ու տարածքների հավասար զարգացման ծրագիրը
Ակադեմիական քաղաքի կոնցեպտը, որը ենթադրում է գիտակրթական ներուժի կենտրոնացում մեկ վայրում, հակասում է Հայաստանի տարածքների հավասար զարգացման ծրագրին, կարծում են շատ գիտնականներ։ Ըստ Գևորգ Քառյանի՝ այստեղ խնդիրը մեր երկրի մասշտաբներն ու ռեսուրսային հնարավորություններն են։ Բանն այն է, որ մեծ տարածքներում, օրինակ, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, տարբեր կետերում հնարավոր է ունենալ նույնամասշտաբ կառուցվածքներ, բայց ոչ Հայաստանում։
«Հայաստանը երեք միլիոն բնակչություն և փոքր տնտեսություն ունեցող երկիր է, և եթե փորձենք պրոյեկտել խոշոր կառույցներ տարբեր տեղերում, մենք իրենց լցնելու խնդիր ենք ունենալու։ Այլ մոտեցում է, որ խոշոր չունենանք, մանրեր ունենանք, բայց եթե ուզում ենք գիտահեն կրթություն ունենալ, մենք այդ լաբորատորիաները չենք կարող ամեն տեղ սարքել, այդքան հնարավորություն չունենք»,- նշեց նա։
Ակադեմիան՝ հիմնադրամ
Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի՝ ՀՀ ԳԱԱ-ն կդառնա հիմնադրամ, ինստիտուտները ակադեմիայի կազմից դուրս կգան և կմտնեն որոշ ժամանակով լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կազմ։ Որոշ դեպքերում, եթե կիրառական բնույթի են հետազոտությունները, կարող են այլ գերատեսչական պատկանելիություն նույնպես ունենալ։ Հետագայում այդ ինստիտուտները կդառնան հանրային գիտական կազմակերպություններ խոշորացված բուհերի կազմում, իրավաբանական անձ չեն լինի, բայց կունենան բավականին մեծ ինքնավարություն, վստահ է Գևորգ Քառյանը։
«Ակադեմիայի վրա, որպես հիմնադրամի, դրված է փորձագիտություն անելու գործառույթը, այսինքն բոլոր գիտական կառույցներն իրենց տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեն ակադեմիային, և ակադեմիան, որը կմեկտեղի նաև իր կազմում պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին, այսինքն գիտական սերուցքը, պետք է փորձագիտական կարծիքը հայտնի լիազոր մարմնին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որը ֆինանսավորելու է այդ կառույցները»,- ասաց նա, հավելելով, որ պատվավոր գիտաշխատողներն ակադեմիայի կազմ կմտնեն ատեստացիայի արդյունքում, ակադեմիկոսների ընտրություն այլևս չի լինի։
Որտե՞ղ կլինի ֆիզիկայի ինստիտուտը
Ֆիզիկայի ինստիտուտը, հետագայում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, պատմականորեն զբաղվել է հիմնարար հետազոտություններով, և ըստ ակադեմիական քաղաքի հայեցակարգի, պետք է տեղ գտնի դասական կլաստերում, որտեղ կմտնեն նաև Ակադեմիայի համակարգի ինստիտուտների մեծ մասը, որոնք ևս զբաղվում են հիմնարար գիտությամբ։ Միայն կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտները կարող են հավակնել առանձին հիմնադրամի կարգավիճակի, եթե կարողանան հիմնավորել դրա անհրաժեշտությունը, նշեց Գևորգ Քառյանը։ Այլ ֆիզիկայի ինստիտուտների հետ միավորման հարց, ըստ նրա, դեռ չի քննարկվել։ Դասական կլաստերը կձևավորվի Երևանի պետական համալսարանի հիմքով։
«Մեր ինստիտուտը, ելնելով իր առանձնահատկություններից, բավականին ընդարձակ տարածքի վրա ենթակառուցվածքներ ունի, և դրանք միայն Երևանում չեն։ Մեր պատմությունը սկսվում է Արագած լեռան վրա գիտահետազոտական երկու կայաններից, որոնք այսօր էլ աշխատում են շատ ինտենսիվ»,- ասաց նա, հավելելով, որ այդ կենտրոնները ֆիզիկապես պետք է մնան իրենց տեղում՝ Արագածի վրա՝ ելնելով իրենց հետազոտությունների բնույթից։ Ինչ վերաբերում է Երևանում գործող ենթակառուցվածքներին, գույքին, ապա դրանց մասին դեռ քննարկումներ են ընթանում։ Ամեն դեպքում, ինչպես նշեց Քառյանը, պաշտոնապես հայտարարվել է, որ մինչև ակադեմիական քաղաք նախագիծը չամբողջանա, ինստիտուտները մնալու են իրենց տեղակայման վայրերում։
«Հանրային գիտական կազմակերպությունները այս կլաստերների տրամաբանության մեջ իրենց պարտնյոր բուհերում պետք է հանգրվանեն՝ դարձնելով դրանց համալսարաններ, բայց պահպանելով ֆինանսական կամ գույքային ռեսուրսների կառավարման ինքնավարություն, նաև վարչարարության ինքնավարություն։ Ալիխանյանի լաբորատորիան այլևս չի ունենա իր հոգաբարձուների խորհուրդը, կլինի մեկ հոգաբարձուների խորհուրդ, որը կլինի նույնը և՛ բուհի, և՛ այդ բուհի կազմում գործող հանրային գիտական կազմակերպության համար։ Սա է տրամաբանությունը»,- հավելեց նա։
Լաբորատորիայի տնօրենը նշեց, որ դեռ մանրամասն քննարկումներ չեն եղել, թե միավորման դեպքում ֆիզիկապես որտեղ կգործի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտը, գուցեև այն տեղափոխվի հենց Ալիխանյանի լաբորատորիայի տարածք։
«Ես կարծում եմ, որ պետք է տեսնել, թե որտեղ է ծանրության կենտրոնը։ Հիմա մենք այս քննարկումները կունենանք, իհարկե, և մեր խնդիրն է եղել և մնում, որ մեր ներուժը ի շահ օգտագործենք բարձրագույն կրթության, և նաև մենք նախաձեռնել ենք, որպեսզի համալսարանը ունենա համապատասխան կրթական ծրագրեր, որոնք հենց կսպասարկեն մեր հետազոտությունները»,- ասաց նա, հավելելով, որ այսօր լաբորատորիայի գիտնականներն աշխատում են Ցեռնում, որտեղ վերջերս հայտնաբերվեց Հիգսի բոզոնը, և այդ աշխատանքները շարունակելու համար նոր կրթական ծրագրեր են անհրաժեշտ՝ երիտասարդ գիտնականների ներգրավումն ապահովելու համար։ Նա տեղեկացրեց, որ վերջերս ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ամբիոնների միավորում տեղի ունեցավ, և ստեղծվեց Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը, որն այժմ գլխավորում է Ցեռնում աշխատող խմբերից մեկի ղեկավար Արմեն Թումասյանը։ Առաջարկվել է նաև նոր կրթական ծրագիր ներդնել, բայց այն դեռ պետք է հավաստագրման փուլ անցնի։
Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծն այս տարվա հուլիսին Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երկրորդ և վերջնական ընթերցումը տեղի կունենա մոտ օրերս։
Անահիտ Սարգսյան
month
week
day